Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թրամփ. Ամերիկան նախ և առաջ չի նշանակում Ամերիկան ինքն իրեն

Թրամփ. Ամերիկան նախ և առաջ չի նշանակում Ամերիկան ինքն իրեն
28.01.2018 | 07:59

Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ տնտեսական շահերի գերակայության իր քաղաքականությունը չի նշանակում ինքնամեկուսացման ձգտում: «Ամերիկան նախ և առաջ, բայց ոչ ինքն իրեն»` այսպես ձևակերպեց Թրամփը միջազգային առևտրին իր վերաբերմունքը: «Ես այստեղ եմ, որ ասեմ` հիմա, ինչպես երբեք ձեռնտու է կառուցել, ներդրումներ անել ու աճել ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը բաց է բիզնեսի առաջ, և մենք նորից մրցունակ ենք»` հայտարարեց Թրամփը: Նա ընդգծեց, որ երկիրն իր ղեկավարությամբ հասել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճի: Նրա ելույթի ժամանակ ԱՄՆ առևտրի նախարարությունը տարածեց տնտեսական աճի վերաբերյալ նոր հաշվետվությունը` վերանայելով անցյալ տարվա վերջին եռամսյակի ցուցանիշները: Վերջին թվերը` 2017-ին տնտեսական աճ 2,3 %-ով, որ 2016-ի 1,5 %-ից բարձր է, բայց չի հասնում նախագահի հայտարարած 3 %-ի նպատակին: BBC-ի տնտեսական մեկնաբան Քամալ Ահմեդի կարծիքով` «Ամերիկան նախ և առաջ, բայց ոչ ինքն իրեն»` գլխավոր ուղերձն է, որ կրկնեցին Սպիտակ տան մյուս պատվիրակները: Շատերը վախենում էին, որ Թրամփի ԱՄՆ-ը կսկսի առևտրական արգելքներ հարուցել և շեշտը կդնի հովանավորչության վրա, մինչդեռ համաշխարհային ղեկավարների մեծ մասը Դավոսում` Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, համաժողովի ամբիոնից գլոբալացում կքարոզեն: Բայց Թրամփի հայտարարությունը շատ ավելի բազմաշերտ է: Նախագահն ասաց, որ ԱՄՆ-ը չի ցանկանում առևտրական պայմանագրեր, այլ` ազնիվ առևտուր: Դա կարող է զարմացնել որոշ երկրների, օրինակ` Հարավային Կորեային, որ ԱՄՆ-ին քննադատում էր հովանավորչական մաքսատուրքերի համար:


Թրամփի ելույթից ոչ բոլորն են գոհ մնացել և հեռացել են` չսպասելով հարցերի պատասխաններին: Ելույթից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին: Երբ Թրամփին հարցրին` ինչու՞ չի սիրում լրագրողներին, պատասխանեց. «Մամուլն ինձ հիանալի էր վերաբերվում, երբ ես ձեռներեց էի: Միայն քաղաքական գործիչ դառնալուց հետո ես հասկացա, որքան չար, վնասակար ու ստախոս կարող է լինել մամուլը»:
BBC
Հ.Գ.
Սա բրիտանական մեկնաբանությունն է ԱՄՆ նախագահի ելույթին` ոչ բովանդակային, ոչ ամբողջական և մակերեսային, որ լիովին արտահայտում է ԱՄՆ-Բրիտանիա հարաբերությունների այս պահը` Լոնդոն հետաձգված այց, անորոշ վիճակ և վատ խաղի ժամանակ լավ կերպարանք ունենալու ցանկություն: Ֆրանսիական մեկնաբանությունն ավելի խորքային է: RFI-ին գրում է, որ Դավոսի ամբիոնից Դոնալդ Թրամփը միջազգային գործընկերներին կոչ արեց ներդրումներ անել ԱՄՆ-ում, որտեղ «լավագույն համալսարաններն են, քոլեջները, մատչելի էներգետիկան ու ցածր հարկերը»:

«Իբրև ԱՄՆ նախագահ` ես միշտ առաջին տեղում եմ դնելու Ամերիկան, ինչպես մյուս պետությունների ղեկավարները առաջին տեղում պետք է իրենց երկրների շահերն ունենան: Սակայն դա չի նշանակում, որ Ամերիկան մեկուսացած է լինելու ու մենակ է գործելու»` հայտարարեց նախագահը: Սպիտակ տան տերը կողմ է ազատ ու փոխշահավետ առևտրի, պատրաստ է երկկողմ առևտրական համաձայնագրեր կնքել բոլոր երկրների հետ: Դոնալդ Թրամփը մտադիր է բարեփոխել միջազգային առևտուրը. «Մենք չենք կարող ազատ առևտուր ունենալ, եթե ինչ-որ երկրներ դրանից օգտվեն ու մյուսներին վնասեն: Համակարգը պետք է արդար ու փոխշահավետ լինի: ԱՄՆ-ը աչքերը չի փակելու միջազգային առևտրի սկզբունքները խախտող երկրների վրա»` հայտարարեց ԱՄՆ նախագահը: Դավոսի հարթակից Դոնալդ Թրամփը միջազգային գործընկերներին ԱՄՆ-ում ներդրումների կոչ արեց: Հարկահավաքության բարեփոխումը նա անվանեց ամենակարևորն իր աշխատանքում և խոստացավ, որ հարկերի կրճատման արդյունքում ԱՄՆ-ում ընտանիքների եկամուտները 4000 դոլարով կավելանան: Նա ընդգծեց, որ ռազմական ոլորտում ներդրումների նպատակը երկիրը «արտաքին սպառնալիքներից» ապահովելն է և կոչ արեց բոլոր երկրներին ավելի շատ ներդրումներ անել հավաքական անվտանգության մեջ:

«Մենք փորձում ենք օգտագործել մեր ազդեցությունն ու ճնշումը, որ ԿԺԴՀ-ն ու Իրանը միջուկային զենք չունենան: Մենք մեր գործընկերների հետ պայքարում ենք ԻՊ-ի դեմ»` հայտարարեց Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով` ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան ազատագրել է Իրաքում ու Սիրիայում ջիհադականների վերահսկողության տակ գտնված տարածքները 100 %-ով: Որպեսզի այդ ձեռքբերումները մնայուն լինեն, Թրամփը կոչ արեց ամեն ինչ անել, որ Աֆղանստանը չդառնա ահաբեկիչների հենակետ:
ԱՄՆ անվտանգության կարևորագույն մաս Թրամփն անվանեց միգրացիոն համակարգը, որը նրա կարծիքով հնացած է, պետք է փոխել, իսկ միգրանտներին պետք է ընտրել: Նախօրեին նա պատրաստակամություն է հայտնել 1,8 միլիոն անլեգալ միգրանտներին ԱՄՆ քաղաքացիներ ճանաչել` փոխարենը Կոնգրեսից պահանջել էր 25 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Թրամփը ցանկանում է ուժեղացնել սահմանների անվտանգությունը, կրճատել միգրանտների ընտանիքների ֆինանսավորումը և չեղարկել գրին քարտը որոշ երկրների քաղաքացիների համար:


Ափսոս, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի միջազգային հարթակում հրապարակային ելույթ չի ունեցել: Այդ դեպքում բոլորը կարող էին արձանագրել Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ-ի նախագահի ելույթների նույնականությունը ներդրումներ անելու տեղի ու ժամանակի, հարկային լավագույն պայմանների ու տնտեսական աճի` ընդ որում` Հայաստանում ավելի բարձր, քան ԱՄՆ-ում, վերաբերյալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ